Միմինոյի հուշարձանը առանց չափազանցության կարելի է անվանել Դիլիջանի խորհրդանիշներից մեկը։ Քաղաքի ամենահայտնի հուշարձանը գտնվում է կենտրոնում՝ շրջանաձև խաչմերուկում, և նվիրված է ոչ պակաս հայտնի սովետական ֆիլմ «Միմինո»-ի հերոսներին՝ Ռուբիկին (Ֆրունզիկ Մկրտչյան), Վալիկոյին (Վախթանգ Կիկաբիձե) և Վոլոխովին (Եվգենիյ Լեոնով)։ Հայը, վրացին և ռուսը դիմավորում են քաղաքի հյուրերին շրջանաձև խաչմերուկում՝ հիշեցնելով հավերժական արժեքների և ընկերության մասին։ «У нас в Дилижане кран открываешь, вода течет - второе место в мире занимает» («Մեզ մոտ՝ Դիլիջանում, ծորակը բացում ես ջուրը հոսում է․ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»), - հպարտանում էր ֆիլմի հերոս Ռուբիկը։ Այդ արտահայտությունով նա իր ժամանակներում հետաքրքրություն առաջացրեց տասնյակ միլիոն հեռուստադիտողների մոտ։ Հերոսների միջև տեղադրված է շատրվան, որից էլ հոսում է հենց այն ջուրը։ Հուշարձանը տեղադրվել է 2011 թվականին և միանգամից սիրվել ինչպես հյուրերի, այնպես էլ տեղաբնիկների կողմից։ Այստեղ սիրված հերոսների հետ լուսանկարվելու համար անգամ հերթեր են գոյանում։ Հուշարձանի քանդակագործը Արմենակ Վարդանյանն է։