Աղավնավանք

Основное фото места

Աղավնավանք

Աղավնավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի համանուն գյուղում։ Վանքը գյուղից գտնվում է 2,5կմ հյուսիս-արևելք։ Վանական համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում, որի մասին փաստում են ավանդատների վրա պահպանված արձանագրությունները: Աղավնավանքը հայտնի է նաեւ Սբ. Աստվածածին Անապատ եւ Ախնաբաթ անուններով, վերջինս «Դիլիջան ազգային պարկ»-ի այն անտառամասի անունն է, որտեղ տեղակայված է վանքը։ Այս անտառամասը առանձնանում է հայտնի կենի (կարմրածառ) կոչվող ծառատեսակով։ Աղավնավանքը փոքր կենտրոնագմբեթ վանական համալիր է՝ զույգ ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն ու սրբատաշ քարից։ Վաղ անցյալում՝ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիով կարողանում էր բուժել զանազան հիվանդություններ: Երիտասարդը դարձել էր բոլորի սիրելին և սպասված հյուր էր յուրաքանչյուրի օջախում: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ անկախ նրանց սոցիալական վիճակից: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանի պատրաստող տղային: Երիտասարդը, մի քանի օր շարունակ հավաքելով տարբեր դեղաբույսեր, թուրմ է պատրաստում, որի օգնությամբ էլ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Եվ երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է: Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ, այնքան էլ փառասեր էր. մերժում է տղային` ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում է մեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային: «Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն ավանդազրույցի՝ այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ, ինչպես սիրահար տղան կղզիացած է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:

Տեսանյութ

Պատկերասրահ

×